Ալեքսանդր Մանասյանը չի բացառում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների անակնկալ վատթարացումը
ՔաղաքականՔաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի դիտարկմամբ՝ չի կարելի բացառել ռուս-թուրքական հարաբերությունների հանկարծակի վատացումը:
«Կարծում եմ՝ ռուս-թուրքական հարաբերություններում տնտեսական գործոնը վճռական դեր է կատարում: Եվ պատահական չէ, որ Պուտինի՝ Թուրքիա կատարած այցի գլխավոր արդյունքը գազատարի շինարարությանն է վերաբերում:
Ենթադրում եմ, որ առաջիկայում էլ Եվրոպա-Ռուսաստան-Թուրքիա հարաբերություներում էներգակիրների խնդիրը լինելու է առանցքային, եւ Արեւմուտքի ճնշումները Ռուսաստանի վրա առավելապես այդ ուղղությամբ են լինելու: Ռուսաստանի՝ իր էներգակիրներն արտահանելու ջանքերը նույնպես օրակարգային են իր համար, եւ քաղաքական գործընթացները, այս այցերը նույնպես կարելի է դրա հետ կապել»,- նման դիտարկում արեց քաղաքագետը:
Ալեքսանդր Մանասյանի խոսքով՝ չպետք է մոռանալ, որ Թուրքիան եւ Ռուսաստանը պայքարում են միմյանց դեմ Սիրիայում:
«Ըստ էության, այդ բարելավված հարաբերությունների պայմաններում Ռուսաստանն ու Թուրքիան կռվում են Սիրիայում՝ Թուրքիան՝ թաքնված, Ռուսաստանը՝ բացահայտ: Այնպես որ, այս քարոզչական շոուից հետո չի բացառվում, որ հարաբերություների վատթարացումը կարող է անակնկալ ձեւով վրա հասնել, ինչպես դա արդեն եղել է»,- նշեց քաղաքագետը: