Թուրք հրահանգիչները օրինական հիմքով են գտնվում Իրաքի հյուսիսում. Թուրքիայի փոխվարչապետ
ՄիջազգայինԹուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ թուրք հրահանգիչները «օրինական հիմքով» են գտնվում Իրաքի հյուսիսում՝ Բաշիքայի ճամբարում:
«Նրանց ներկայությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ կլինի Թուրքիայի աջակցության անհրաժեշտությունը: Իրաքի իշխանությունները չպետք է սխալներ գործեն՝ ահաբեկչական մեկ կազմակերպությանն օգտագործելով մյուսի դեմ:
Եթե ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից Մոսուլն ազատագրելու պատրվակով Իրաք հրավիրվեն ահաբեկչական այլ խմբավորումների (ինչպիսիք են PYD-ն ու YPG-ը) անդամներ, ապա դա չի նպաստի երկրում խաղաղության հաստատմանը: Մոսուլի խնդիրը չի լուծվի»,- ասել է նա:
Խոսելով Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադիի քննադատական հայտարարությունների մասին՝ Քուրթուլմուշը հայտարարել է, որ թուրք հրահանգիչները Բաշիքայում գտնվում են Մոսուլի բնակչությանն աջակցելու համար: