Իրաքում բոլոր ուժերը պետք է գործեն երկրի իշխանությունների համաձայնությամբ. Պետդեպ
ՄիջազգայինԻրաքում բոլոր միջազգային ուժերը պետք է գործեն այդ երկրի իշխանությունների համաձայնությամբ և պայմանավորվածություններին համապատասխան: Kuwait News Agency-ի հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
«ԶԼՄ-ների վերջին հաղորդագրություններում խոսվում էր այն դերի մասին, որը միջազգային ուժերը կխաղան Մոսուլի ազատագրման իրաքյան գործողության մեջ: ԱՄՆ-ը բազմիցս խոսել է Իրաքի միասնությանը և ինքնիշխանությանն աջակցության մասին, ուստի մենք կարծում ենք, որ բոլոր միջազգային ուժերը պետք է այնտեղ գտնվեն Իրաքի կառավարության թույլտվությամբ և նրա հետ համագործակցեն կոալիցիայի հովանու ներքո»,- ասվում է Քիրբիի հայտարարության մեջ:
Պետդեպի ներկայացուցիչը պարտադիր է համարում ԴԱԻՇ-ի դեմ պայքարում առաջիկայում ավելի սերտ համագործակցությունը:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադիի մամլո ծառայությունը անպատասխանատու է համարել երեքշաբթի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը Իրաքի հյուսիսում թուրքական ուժերի ներկայության մասին:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել է, որ Բաշիքայի ռազմակայանը կառուցելու համար դեռևս Ահմեթ Դավութօղլուի արտաքին գործերի նախարար լինելու ժամանակ Իրաքից պաշտոնապես դիմել են թուրքական կողմին: Էրդողանը բացասաբար է արտահայտվել բազայում թուրքական ուժերի ներկայությանը ալ-Աբադիի բողոքին ՝ հայտարարելով, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ իրենք անելու են այն, ինչ անհրաժեշտ են համարում: