Հարավային Սուդանում զինված բախումներն ակտիվացել են
ՄիջազգայինՀարավային Սուդանում ՄԱԿ-ի առաքելությունը չափազանց անհանգստացած է վերջին մի քանի շաբաթներին երկրի տարբեր հատվածներում զինված բախումների եւ քաղաքացիական անձանց դեմ հարձակումների առիթով: Հաղորդագրություններ են ստացվում Լիր քաղաքում ծանր հրետանու օգտագործման եւ կառավարական ուժերի ու ընդդիմության միջեւ փոխհրաձգության մասին:
ՄԱԿ-ում պահանջել են, որպեսզի Հարավային Սուդանի կառավարության եւ ընդդիմության առաջնորդներն իրենց զորքերի հրամանատարներին հանձնարարեն լիարժեք վերահսկողություն սահմանել զինված ստորաբաժանումների նկատմամբ եւ պաշտպանել քաղաքացիական բնակչությանն ու նրանց գույքը:
Լիրում տեղակայված ՄԱԿ-ի խաղաղարարները հաղորդում են, որ ծանր հրետանու գնդակոծությունների եւ փոխհրաձգության հետեւանքով քաղաքում խաղաղ բնակիչներ են զոհվել: Շատերը ստիպված են եղել լքել իրենց տները եւ թաքնվել:
Վերջերս անհայտ զինված անձինք հարձակվել էին Ջուբա ուղեւորվող ավտոշարասյան վրա, ինչի հետեւանքով ավելի քան 20 մարդ էր զոհվել, այդ թվում՝ կանայք ու երեխաներ: Կարգուկանոն հաստատելուն ուղղված կառավարության պատասխան գործողությունների ընթացքում եւս 5 խաղաղ բնակիչ է զոհվել: