Իրաքը Թուրքիային բողոքի խիստ նոտա է հղել
ՄիջազգայինՊաշտոնական Բաղդադը Թուրքիային բողոքի խիստ նոտա է հղել: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Իրաքում Թուրքիայի դեսպան Ֆարուք Քայմաքչըն կանչվել է արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան է հանձնվել «խիստ տոնով գրված բողոքի նոտան»:
Նախորդ շաբաթ Անկարայում Իրաքի դեսպանը կանչվել էր Թուրքիայի ԱԳՆ, որտեղ նրան էր ներկայացվել թուրքական կողմի բողոքը: Այս փաստի առնչությամբ Իրաքի ԱԳՆ-ն կանչել էր Թուրքիայի դեսպանին: Սակայն քանի որ Ֆարուք Քայմաքչըն այդ ժամանակ Անկարայում էր, Իրաքի դիվանագիտական արձագանքն ուշացել էր:
Թուրքիայի մեջլիսը կողմ է քվեարկել Իրաքում շուրջ 2 հազարանոց զինված ուժերի տեղակայման ժամկետի երկարաձգմանը` պատճառաբանելով դա «ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու անհրաժեշտությամբ»:
Իրաքը դատապարտել է պաշտոնական Անկարայի նման որոշումը: Պաշտոնական Բաղդադը կատարվածն անվանել էր Իրաքի ինքնիշխանության իրավունքի ոտնահարում` պահանջելով դուրս բերել զորքերն իր տարածքից: Թուրքական կողմը, սակայն, մերժել է այդ պահանջը:
Հոկտեմբերի 5-ին Անկարան և Բաղդադը կանչել էին հակառակ երկրի դեսպաններին` հայտնելու իրենց մտահոգությունը խնդրի առնչությամբ: Իրաքը հոկտեմբերի 6-ին Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդից պահանջել է արտակարգ նիստ գումարել` կապված իր տարածքում թուրքական զինված ուժերի ներկայության անօրինականության հետ:
Թուրքիայի նախագահ Էրդողանը հոկտեմբերի 11-ին, անդրադառնալով թուրքական զորամիավորումները իրաքյանԲաշիքա շրջանից դուրս բերելու վերաբերյալ Իրաքի վարչապետի հայտարարություններին, ասել է. «Դու, որ իմ անձը վիրավորում ես, իմ մակարդակին չես, իմ որակի չես, Իրաքից քո գոռալ-բղավելը < /i>մեզ համար բացարձակապես կարևոր չէ: Մենք գիտենք, թե ինչ ենք անելու, դա այդպես էլ իմացիր: Նա և առաջ չափդ իմացիր»:
Թուրքական զորքերը տեղակայված են Մոսուլի Բաշիքայի ռազմաբազայում: Դրանք այդտեղ են հաստատվել դեռևս 2015 թվականից` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում իրաքցի զինվորներին և քրդական փեշմերգային վարժեցնելու հիմնավորմամբ: