ԻՊ-ի զինյալներն ակտիվորեն «յուրացնում» են կիբերտարածությունը
ՄիջազգայինՊարտություն կրելով եւ եկամտի բազմաթիվ աղբյուրներից զրկվելով՝ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներն ընդլայնում են իրենց գործունեությունն աշխարհի այլ երկրներում եւ գանձարանը լցնելու նոր աղբյուրներ որոնում: Նրանք ավելի ու ավելի ակտիվորեն են «յուրացնում» կիբերտարածությունը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին զեկույց ներկայացնելով ԻՊ-ի գործունեության հետ կապված սպառնալիքների մասին:
Ֆելթմանն ընդգծել է, որ ԻՊ-ն շարունակում է լուրջ պարտություններ կրել Իրաքում եւ Սիրիայում ռազմական գործողություններում՝ տարածքներ կորցնելով: ԻՊ-ի մասնաճյուղերը, որոնց դերը զգալիորեն մեծացել է, նույնպես մշտական հարվածներ են ստանում Աֆղանստանում եւ Լիբիայում իրենց հենակետերում:
Փորձելով փոխհատուցել նավթի վաճառքից ստացված եկամուտների կորուստը՝ ԻՊ-ի զինյալներն ակտիվացրել են «հարկահանությունը/շորթումը», որը, տարբեր գնահատականներով, նրանց ամսական 30 մլն դոլարի եկամուտ է բերում:
Փաստաթղթի համաձայն՝ ԻՊ-ն նաեւ ավելի ակտորեն յուրացնում է կիբերտարածությունը: Պոտենցիալ նորակոչիկներն ավելի ու ավելի հաճախ են ԻԼԻՊ-ի հավաքագրողներից հրահանգ ստանում՝ փակ ֆորումներից եւ հաղորդագրությունների գաղտնագրման համակարգերից օգտվելու մասին:
Իր զեկույցում նա Խորհրդի անդամներին զգուշացրել է Եմենում, Հարավ-Արեւելյան Ասիայում եւ Արեւելյան Աֆրիկայում ծայրահեղանակության աճի մասին. «ԻՊ-ի ղեկավարությունը մեծ հետաքրքրություն ունի Եմենի հանդեպ: Այն հետեւում է տեղերում գործողությունների ընթացքում եւ հրահանգներ տալիս երկրում գործող իր զինյալներին»: