Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը, որը ԵՄ-ից երկրի դուրս գալու բոցաշունչ կողմնակիցներից է, 2016-ի հունիսին այդ հարցով կայացած հանրաքվեից ընդամենը մի քանի ամիս առաջ այլ դիրքորոշում ուներ։ Sunday Times թերթը հրապարակել է Ջոնսոնի փետրվարյան մեկնաբանությունը, որում նա ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցությունը գնահատում է որպես բարիք՝ Եվրոպայի ու աշխարհի համար, հայտնում է DW–ը։
Brexit -ը կարող է հանգեցնել տնտեսական ցնցումների, Մեծ Բրիտանիայի փլուզման ու ռուսական ագրեսիայի, ասվում է Ջոնսոնի հոդվածում , որն առայսօր չէր հրապարակվել։ Բրիտանիան անվանելով բարու գլոբալ ուժ , Լոնդոնի նախկին քաղաքապետը շեշտում էր , որ Լոնդոնը պետք է սերտ կապեր ունենա Բրյուսելի հետ։
Թերթի կարծիքով , այս մեկնաբանությունը վկայում է այն մասին, քաղաքական գործիչը փորձում էր կողմնորոշվել իր դիրքորոշման հարցում։ Իսկ արդեն երկու օր անց՝ այն ժամանակվա վարչապետ Դեւիդ Քեմերոնի հետ զրույցից հետո, Ջոնսոնը որոշում է կայացրել աջակցել Brexit–ի կողմնակիցներին։
Գրեթե նույն ժամանակաշրջանում Ջոնսոնը մեկ այլ հոդված էլ է գրել, որը հրապարակվել է Daily Telegraph–ում, որում նա մեծ ոգևորությամբ բացատրում էր ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու անհրաժեշտությունը։ Քաղաքական գործիչը մեծ դեր է կատարել հանրաքվեին Brexit–ի կողմնակիցների հաղթանակի ապահովման հարցում։