Ֆիլիպինների նախագահը մեկնում է Չինաստան. Պատերազմը ելք չէ
ՄիջազգայինՖիլիպինները պետք է բարիդրացիական հարաբերություններ պահպանի եւ ընդօրինակի Չինաստանի հաջող փորձը: Այս մասին «Սինհուա»-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն:
Նա նշել է, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ֆոնին Չինաստանի տնտեսությունն ու առեւտուրը աճի կայուն տեմպեր են ցուցադրում, այդ իսկ պատճառով «չինական փորձն ընդօրինակման արժանի է»:
Հարավ-Չինական ծովի կապակցությամբ նա նշել է, որ Ֆիլիպիններն ընտրում է բանակցությունների, այլ ոչ առճակատման ճանապարհը: «Պատերազմը ելք չէ»,- հայտարարել է նախագահը: Նա հստակ ընդգծել է, որ դեմ հանդես կգա այլ երկրների միջամտությանը Հարավ-Չինական ծովի գործերին՝ հավելելով, որ Ֆիլիպինները մտադիր է Չինաստանի հետ միասին յուրացնել այդ ջրատարածքը:
Դուտերտեն հույս է հայտնել, որ Ֆիլիպինները կմիանա «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտուն» եւ «21-րդ դարի Մետաքսի ծովային ճանապարհին»:
Անդրադառնալով Չինաստան առաջիկա այցին՝ Դուտերտեն նշել է, որ, որ դա Ֆիլիպինների նախագահի պաշտոնում իր առաջին այցն է Չինաստան: Նա չինական կողմի հետ բանակցություններ կվարի փոխըմբռնման եւ համագործակցության ամրապնդման շուրջ: «Մենք ցանկանում ենք Չինաստանի հետ համագործակցել, հուսով եմ, որ չինական կողմը մեզ կօգնի մեր երկրի եւ տնտեսության շինարարության հարցում»,- նշել է նախագահը: