Խոսվում է կառավարության ապարատը 20 տոկոսով կրճատելու մասին. Հ. Սահակյան
ՔաղաքականԱյսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը խոսեց ՀՀԿ-ի խորհրդի նիստում ներկայացված կառավարության ծրագրի հիմնական դրույթների մասին:
«Կառավարության գրեթե բոլոր ոլորտներում էլ կային ծրագրային դրույթներ, որոնց հիմքում դրված էր բարեփոխումների սկզբունքը՝ սկսած գնումների գործընթացից, վերջացրած հարկային, մաքսային աշխատակիցների բարեփոխվելու գործընթացով: Կառավարության ծրագիրն առաջիկա վեց ամսվա համար է և հիմնված է նախագահ Սերժ Սարգսյանի՝ վերջին երկու այն ծրագրային դրույթների վրա, որոնցից մենք տեղյակ ենք»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, թե վեց ամսվա համար այդ ծրագիրը բավական հավակնոտ է և պարտադրող, նաև` կառավարության համար:
Հարցադրմանը, թե կոնկրետ ինչ շեշտադրումներ են եղել ծրագրում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կախարդական փայտիկ չկա, Հ. Սահակյանը պատասխանեց. «Այս պահին չեմ ցանկանում գաղտնազերծել: Համապարփակ, բավականին հստակեցված դրույթներով `կառավարության ծրագիր է»,- ասաց նա:
Ինչպես նշեց պատգամավորը, խոսվում է կառավարության ապարատը 20 տոկոսով կրճատելու մասին։