ԱԺ-ում շարունակվում են քննարկումները ԸՕ-ում փոփոխությունների նախագծի խնդրահարույց դրույթների շուրջ
ՔաղաքականԱզգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում շարունակվում են Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծում առկա խնդրահարույց դրույթների շուրջ քննարկումները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քննարկումներին մասնակցում են ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լևոն Զուրաբյանն ու Գագիկ Ջհանգիրյանը, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Ընդդիմադիր պատգամավորները, մասնավորապես, խնդրահարույց են համարում կեղծ քվեարկության վերաբերյալ կեղծ տեղեկատվության համար քրեական պատասխանատվություն սահմանելու դրույթին: Պատգամավորները պահանջում են ավելացնել, որ դիտավորությամբ կեղծ տեղեկատվություն հաղորդելու դեպքում կլինի քրեական պատասխանատվություն, որովհետև կարող են լինել մարդիկ, ովքեր անզգուշությամբ կարող են կեղծ տեղեկություն հաղորդել:
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ու հարակից նախագծերի փաթեթը՝ ձայների 104 կողմ, 4 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ: ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը կողմ են քվեարկել օրենսդրական նախաձեռնությանը՝ պայմանով, որ առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում կքննարկեն խնդրահարույց դրույթը փոփոխության ենթարկելու հարցը: