Թուրքիան կմասնակցի Ռաքքայի գործողությանը կոալիցիոն ուժերի կազմում. Էրդողան
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ ռեջեփ Թայիփ Էրդողանը Բուրսա քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան նույնպես պատրաստվում է մասնակցել Ռաքքայի ազատագրման գործողությանը: Այս մասին գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
«Մենք լինելու ենք և՛ Էլ-Բաբում և Ռաքքայում: Բայց ոչ քրդերի հետ, այլ՝ կոալիցիոն ուժերի հետ: Մենք ահաբեկիչներին մեր կողքին չենք պահելու»,- հայտարարել է Էրդողանը:
Նշենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈւ-ն պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ: