Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը
ՔաղաքականՀայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Քերոլայն Մուգարին և համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարները ներկայացրեցին կազմակերպության գործունեությունը և առաջիկա ծրագրերը։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստան-Միացյալ Նահանգներ բարեկամական գործընկերության զարգացմանն ուղղված ջանքերին։
Զրույցի ընթացքում քննարկվեց համահայկական մի շարք հարցերի և դրանց լուծման ուղղությամբ հայ համայնքային կառույցների կարևոր դերակատարությունը։
Էդվարդ Նալբանդյանը զրուցակիցներին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ձեռնարկվող քայլերը։
Զրուցակիցները անդրադարձան մի շարք տարածաշրջանային խնդիրների՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, փախստականների խնդիրներին»։