Մնացականյանին է պատկանում այդ «ստի մոնոպոլիան». Հրանտ Բագրատյան
ՔաղաքականԱյսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը, հակադարձելով պատգամավոր Հրանտ Բագրատյանի մեղադրանքներին, թե ԱՎԾ-ն ուռճացնում է ցուցանիշները եւ Մնացականյանին է պատկանում այդ «ստի մոնոպոլիան», հայտարարեց հետեւյալ կերպ. «Եթե ինքը պնդում է, որ բոլոր ցուցանիշները սուտ են,իր խնդիրն է»։
ԱՎԾ պետը ներկայացրեց մի շարք ցուցանիշներ եւ հիշեցրեց «ԵվրաՆեսթի» նիստից հետո Հրանտ Բագրատյանի հայտարարությունը։ «Եվրոպական կողմի ընդարձակ զեկույցում առկա թվերը 6 անգամ տարբերվում են հայկական թվերից: Բագրատյանի ներկայացրածին չի համապատասխանում ՀՆԱ-ում ՓՄՁ մասնակցությունը»,- ասաց նա:
Նիստը վարող Գագիկ Մինասյանը նկատեց, որ խոսակցություններն այսօրվա քննարկման թեմային չեն համապատասխանում։ «Ես կարո՞ղ եմ պատասխանել»,- Գ. Մինասյանին հարցրեց Հրանտ Բագրատյանը եւ, ստանալով բացասական պատասխան, շարունակեց. «Ախր նենց բաներ ա ասում, նենց բաներ ա ասում, պիտի խնդրել դուրս գալ էս դահլիճից»: Ս. Մնացականյանը, առանց լսելու Բագրատյանին, դեմքի դժգոհ արտահայտությամբ դուրս եկավ նիստերի դահլիճից եւ շտապ հեռացավ: