Եվրամիությունը հորդորել է ակտիվացնել լրագրողների պաշտպանության աշխատանքը
ՄիջազգայինԼրագրողների դեմ կատարված հանցագործությունները հետաքննելիս անպատժելիության դեմ պայքարի միջազգային օրվա նախաշեմին, որը նշվում Է նոյեմբերի 2-ին, Եվրամիության մի խումբ կոմիսարներ համատեղ հայտարարության մեջ հորդորել են միավորել ջանքերը ի պաշտպանություն ԶԼՄ-ների աշխատողների:
Փաստաթուղթն ստորագրել են եվրահանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանս Տիմերմանսը, ԵՄ-ի արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, ԵՀ-ի նախագահի թվային շուկայի հարցերով տեղակալ Անդրուս Անսիպը եւ թվային հասարակության, հարեւանության քաղաքականության ու արդարադատության հարցերով ԵՀ-ի անդամներ Գյունտեր Էթինգերը, Յոհաննես Հանն ու Վերա Յուրովան:
«Մենք հորդորում ենք բոլոր պետություններին, մեդիա- ընկերություններին, ԶԼՄ-ների աշխատողներին եւ բոլոր շահագրգիռ կողմերին՝ միավորել ջանքերը լրագրողների դեմ անպատիժ հանցագործություններին վերջ դնելու համար: Մենք առաջնահերթ կարեւորություն ենք տալիս լրագրողների, բլոգերների եւ մյուս ԶԼՄ-ների ներկայացուցիչների անվտանգությանը»,-ասված Է հոկտեմբերի 31-ին Բրյուսելում տարածված հայտարարության մեջ:
«Ազատ մամուլը եւ բազմակարծությունը զանգվածային լրատվամիջոցներում չափազանց կարեւոր են ազատ, պլյուրալիստական եւ բաց հասարակության համար: Լրագրողների եւ ԶԼՄ-ների վրա հարձակումները գրոհներ են դեմոկրատիայի վրա»,-ընդգծում են Եվրամիության կոմիսարները, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: