ԻՀԿ-ի գլխավոր քարտուղարը հրաժարական է տվել
ՄիջազգայինԻսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գլխավոր քարտուղար, սաուդցի Իյադ Մադանին հրաժարական է ներկայացրել այն բանից հետո, երբ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հասցեին կատակը զայրացրել է այդ երկրի իշխանություններին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
ԻՀԿ-ի պաշտոնական հայտարարության համաձայն՝ Մադանին պաշտոնից հեռանում է առողջական խնդիրների պատճառով:
Ավելի վաղ Մադանին ներողություն էր խնդրել Եգիպտոսից՝ հայտարարելով, որ չէր պատրաստվում որեւէ մեկին վիրավորել: Մինչ այդ, Եգիպտոսի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ նրա արտահայտությունները կազմակերպության հիմնադիրների մեկի նկատմամբ լուրջ խախտում են:
Մադանին սխալվել էր՝ Թունիսի նախագահին աս-Սեբսի կոչելու փոխարեն նշելով եգիպտոսցի առաջնորդ աս-Սիսիի ազգանունով, եւ սխալմունքը հարթելու համար ասել էր, որ վստահ է, որ նրա սառնարանում «ոչ միայն ջուր կա»: Այդ կերպ Մադանին ակնարկել էր Եգիպտոսի նախագահի հայտարարությունը, որը վերջերս նշել էր, որ «10 տարի իր սառնարանում ջրից բացի ուրիշ ոչինչ չի եղել»: