Թուրքիայում ձերբակալություններ են իրականացվել Ռադիոյի և հեռուստաընկերության բարձրագույն խորհրդում
ՄիջազգայինԹուրքիայում ռազմական ձախողված հեղաշրջումից հետո գյուելնականների դեմ իրականացվող գործողության շրջանակում նոր ձերբակալություններ են տեղի ունեցել: Այս անգամ ձերբակալվել են Ռադիոյի և հեռուստաընկերության բարձրագույն խորհրդի աշխատակիցները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Գործողությունները տեղի են ունեցել Թուրքիայի հինգ նահանգներում, այդ թվում և Անկարայում: Ձերբակալվել է Ռադիոյի և հեռուստաընկերության բարձրագույն խորհրդի 21 աշխատակից:
Թուրքիայի մի խումբ զինվորականներ հուլիսի 15-ին երկրում ռազմական հեղաշրջման փորձ իրականացրին` վերահսկողություն սահմանելով մի շարք կարևոր պետական մարմինների նկատմամբ: Զինվորականների գործողությունները, սակայն, կարճ ժամանակում ճնշվեցին:
Պաշտոնական Անկարան երկրում ռազմական հեղաշրջման փորձ իրականացնելու մեջ մեղադրում է չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա հետևորդներին` գյուլենականներին: Հեղաշրջման փորձից հետո երկրի իշխանությունները սկսել են Թուրքիայի մասնավոր և պետական ոլորտները գյուլենականներից մաքրելու աշխատանքները: Հատկապես մեծ զտումներ տեղի ունեցան զինված ուժերում և ոստիկանությունում: