Անջեյ Կասպշիկը շփման գծում լարվածության նվազեցման գործում առաջընթաց գրանցելու հույս է հայտնել
ՔաղաքականՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում տիրող իրավիճակը, ընդգծել է, որ վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանը պարբերաբար լարվածություն է ստեղծում շփման գծում` ավելացնելով կրակոցների քանակը և մեծացնելով կիրառվող զենքերի տրամաչափը:
Վերոնշյալ սադրանքներին Հայաստանի զինված ուժերը պատասխանում են միայն խիստ անհրաժեշտության դեպք ում` հավատարիմ մնալով որդեգրած զսպման մարտավարությանը:
Դեսպան Կասպշիկն իր հերթին նշել է, որ ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի գրասենյակը շարունակական աշխատանքներ է իրականացնում շփման գծում լարվածության նվազման նպատակով և հույս հայտնել, որ առաջիկայում կհաջողվի առաջընթաց գրանցել վերոնշյալ ուղղությամբ: