Ասադը մտադիր է Սիրիայի նախագահի պաշտոնին մնալ մինչև 2021 թվականը. New York Times
ՄիջազգայինՍիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտնել է, որ մտադիր է երկրի ղեկավարի պաշտոնում մնալ մինչև իր երրորդ նախագահական ժամկետի ավարտը` 2021 թվականը:
Ինչպես տեղեկացնում է The New York Times-ը, այս մասին նա ասել է ամերիկացի և բրիտանացի լրագրողներին տված հարցազրույցում, որոնց ընդունել է Դամասկոսի նախագահական պալատում:
Ասադն ընդգծել է, որ ոչ մի քաղաքական փոփոխություն տեղի չի ունենա, քանի դեռ կառավարական ուժերը հաղթանակ չեն տարել իր երկրում տիրող պատերազմում, որի բռնկման համար ղեկավարը մեղադրում է Միացյալ Նահանգներին և «Իսլամական պետության» գրոհայիններին:
Պարբերականի ընդգծմամբ` Ասադը ցանկանում է համոզել արևմտյան երկրներին, որ իրենց կառավարությունները սխալ են թույլ տվել`պաշտպանելով սիրիական ընդդիմությանը և իր մյուս հակառակորդներին:
Ասադը նշել է, որ Սիրիայում «թափանցիկության և երկխոսության նոր դարաշրջան» է ծաղկում, որն իր հիմնական խորհրդականների և պաշտոնյաների գործողությունների արդյունքն է: