Մեկ օրում Թաիլանդի հարավում անջատողականների 19 հարձակում է տեղի ունեցել
ՄիջազգայինԱնջատողականները մի շարք հարձակումներ են իրականացրել Թաիլանդի հարավային նահանգներում, ինչի հետեւանքով երեք մարդ է զոհվել, հայտնում է Khaosod–ը։
Պատտանիում չարագործները ներխուժել են շուրջօրյա գործող խանութ, շենքի վրա բենզին լցրել ու այրել այն։ Աշխատակիցներին հաջողվել է դուրս գալ։ Ավելի ուշ ոստիկանները հրկիզված խանութից ոչ հեռու պայթուցիկ սարք են գտել։
Իսկ Սոնկխլում անջատողականները ավտոսալոնի երկու պահակների են սպանել, որից հետո այրել սալոնը։
Երրորդ զոհն էլ զինծառայող է եղել։ Չորս զինյալներ մոտոցիկլետներով կրակ են բացել ռազմակայանի տարածքի վրա, ինչի հետեւանքով զինվորներից մեկը մահացու վիրավորում է ստացել։
Ընդհանուր առմամբ մեկ օրում երկրի հարավում 19 հարձակում է եղել։ Այս ակտիվացումը կարող է պայմանավորված լինել բանակցությունների հերթական փուլով, որը նոր պետք է սկսվի։ Երկրի իշխանությունները ձգտում են կատարված հարձակումները ահաբեկչություն չորակել ու դրանք ավազակային հարձակումներ են անվանում։