Սաադ Հարիրին կձևավորի Լիբանանի նոր կառավարությունը. հայ պատգամավորները ևս լիակատար աջակցություն են հայտնել նրան
ՄիջազգայինԼիբանանի նորընտիր նախագահ Միշել Աուն ավարտել է նոր վարչապետի նշանակման հարցի վերաբերյալ պարտադիր խորհրդակցությունները:
Խորհրդակցություններին մասնակցած 126 պատգամավորներից 112-ն առաջադրել են «Մուսթաքպալ» շարժման առաջնորդ Սաադ Հարիրիի թեկնածությունը:
Խորհրդակցությունների ավարտից հետո Միշել Աունը կարճատև հանդիպում է ունեցել նաև խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ, որից հետո նախագահական հրամանագրով հրավիրեց Սաադ Հարիրիին կառավարություն ձևավորել: Լիբանանյան տարբեր քաղաքական խմբավորումներին պատկանող հայ պատգամավորներն ամբողջությամբ աջակցել են Սաադ Հարիրիի թեկնածությանը:
Հրավերի փոխանցումից հետո Սաադ Հարիրին հանդիպում է ունեցել երկրի նախագահ Միշել Աունի և խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ Լիբանանի Պաապտայի նախագահական պալատում:
Հանդիպումից հետո Հարիրին հայտարարել է, որ առաջիկա օրերի ընթացքում կաշխատի երկրի քաղաքական հիմնական խմբավորումները ներառող ազգային համաձայնության կառավարություն ձևավորել: