ԱՄՆ-ն մտահոգված է Թուրքիայում քրդամետ պատգամավորների ձերբակալությամբ
ՄիջազգայինԱՄՆ իշխանությունները մտահոգված են Թուրքիայի խորհրդարանի Ժողովրդադեմոկրատական քրդամետ կուսակցության պատգամավորների ձերբակալությամբ: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին ուրբաթ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Թոմաս Մալինովսկին:
«Մենք խորապես մտահոգված ենք այն փաստով, որ Թուրքիայի կառավարությունը ձերբակալել է ԺԴԿ-ի առաջնորդներին», - Մալինովսկին հայտնել է Twitter-ում: Նրա խոսքով` ընտրված պաշտոնյաների նկատմամբ նման քայլեր կատարելու համար ժողովրդավար իշխանությունները պարտավոր են իրավական հիմնավորում տալ իրենց քայլերին:
Միևնույն ժամանակ Մալինովսկին նշել է, որ ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնում որպես «Թուրքիայի բարեկամ և դաշնակից»:
Հիշեցնենք, որ նախորդ գիշեր Դիարբեքիրում ձերբակալվել են ԺԴԿ-ի 12 անդամ, այդ թվում` համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեդաղը: