Հայաստանում ընթացող լուրջ բարեփոխումները չեն սահմանափակվելու միայն դեմքերով և անուններով. Սերժ Սարգսյան
ՔաղաքականՀայաստանում լուրջ բարեփոխումներ են ընթանում. առջևում նոր ու կարևոր փոփոխություններ են: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, Հայաստանի Հանրապետական կուսակցության կանանց խորհրդաժողովի ընթացքում իր ելույթում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:
«Այդ փոփոխությունները չեն սահմանափակվելու զուտ անուններով ու դեմքերով: Փոփոխությունները լինելու են լայնածավալ և համակարգային, որոնց արդյունքները չպետք է իրենց երկար սպասեցնել տան: Ավելին, դրանք պետք է լինեն զգալի և շոշափելի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում»,- նշեց ՀՀ Նախագահը:
Նրա խոսքով` նմանօրինակ ընդգրկուն և համապարփակ բարեփոխումները կարող են իրագործվել միայն ու միայն հանրության լայն ու զանգվածային աջակցության պարագայում: Այդ գործում խիստ կարևոր է լինելու նաև կանանց ակտիվ մասնակցությունը և ներգրավվածությունը: «Գալիք 2-3 տարիները լինելու են բեկումնային: Վստահ եմ, որ մեր երկրի կանայք այստեղ ասելիք և անելիք ունեն: Ակնկալում եմ, որ դուք ձեր ողջ ներուժով հանձն եք առնելու այդ աշխատանքը»,- նշեց Հանրապետության Նախագահը: