Չինաստանում երեխաների վաճառքով զբաղվողը մահապատժի է դատապարտվել
ՄիջազգայինՉինաստանում երեխաների վաճառքով զբաղվող բանդայի առաջնորդը դատապարտվել է մահապատժի: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Դատական նիստը տեղի է ունեցել Չժեցզյան նահանգի Վենչժոու քաղաքում: Դատական նյութերի համաձայն՝ խմբավորման մեջ ընդհանուր առմամբ 25 մարդ է մտել, որոնք 2013 թվականի սկզբից մինչեւ 2015 թվականի հունիս 26 երեխայի են վաճառել: Դատարանը վճիռ է կայացրել բանդայի 23 անդամների նկատմամբ:
Բանդայի առաջնորդ Չժանը մասնակցել է 20 երեխայի վաճառքին, իսկ նրա ընկերուհին երեխաների վաճառքի 17 դեպքի: Դատավճռի համաձայն՝ Չժանը մահապատժի է դատապարտվել, իսկ նրա ունեցվածքը ենթակա է բռնագրավման: Քրեական սխեմային մասնակցած տեղացի բժիշկը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման եւ պարտավոր է վճարել ավելի քան 10 հազար դոլար տուգանք: Երեխաների վաճառքի սխեմայի մյուս մասնակիցները դատապարտվել են 1-ից մինչեւ 8 տարվա ազատազրկման: