ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Թուրքիայի հետ փախստականների հարցով համաձայնագրի ձախողմանը
ՄիջազգայինԵվրամիությունը պետք է պատրաստ լինի Թուրքիայի հետ փախստականների հարցով ձեռք բերված համաձայնագրի ձախողմանը եւ ուժեղացնի արտաքին սահմանների պաշտպանությունը: Գերմանական Bild-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ավստրիայի պաշտպանության նախարար Պետեր Դոսկոլիցը:
«Ես միշտ ասել եմ, որ Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ գործարքը կարող է միայն ժամանակավոր լուծում լինել, մինչեւ ԵՄ-ն ինքն ունակ լինի արդյունավետորեն պաշտպանել իր արտաքին սահմանները եւ հակազդել փախստականների հոսքին: Դա կազմակերպելու համար ավելի քիչ ժամանակ է մնում»,- ասել է նա:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ նախարարն Ավստրիա է հրավիրել Կենտրոնական Եվրոպայի երկրներից իր գործընկերներին՝ քննարկելու միգրացիոն ճգնաժամը, հաշվի առնելով Թուրքիայում տիրող ներքաղաքական իրավիճակը: Հանդիպումը կայանալու է նոյեմբերի 7-8-ը:
Անդրադառնալով Թուրքիայում տիրող իրավիճակին՝ Դոսկոլիցը կարծիք է հայտնել, որ Անկարան «ներկայում դեպի բռնատիրություն տանող ուղիղ ճանապարհին է»:
«Մենք այլեւս թույլ չենք տա մեզ սպառնալ»,- հավելել է նա: