Հաիթիում ավելի քան կես միլիոն երեխա մարդասիրական օգնության կարիք ունի
ՄիջազգայինՀաիթիում «Մեթյու» փոթորկից մեկ ամիս անց հիվանդ եւ սովահար շուրջ 600 հազար երեխաներ մարդասիրական օգնության կարիք ունեն: Այս մասին հաղորդել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ): Հիմնադրամի միջոցները գրեթե սպառվել են: Մինչեւ տարեվերջ Հաիթիի ծրագրերի համար անհրաժեշտ է շուրջ 23 մլն դոլար հավաքել:
Հաիթիում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարկ Վինսենթի խոսքով՝ շատ երեխաներ անտուն են մնացել, սովահար են, դպրոց չեն հաճախում եւ վտանգների են բախվում:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ անցյալ ամիս տվյալներ ստացվեցին այն մասին, որ առնվազն հազար երեխաներ, հնարավոր է, խոլերայով են վարակվել: Երկրում ընդհանուր առմամբ խոլերայի բուժման 219 կենտրոն կա, բայց դրանց մի մասը փոթորկի հետեւանքով վնասվել կամ ավերվել է: