Լոնդոնում ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 53 ակտիվիստի, որոնք կրել են Գայ Ֆոքսի դիմակներ
ՄիջազգայինTert.am-ը գրում է.
Անգլիական ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Լոնդոնում կազմակերպված բողոքի ցույցի 53 մասնակիցների, որոնք կրել են Գայ Ֆոքսի դիմակներ: Այս մասին հաղորդում է The Daily Telegraph-ը:
Ոստիկանությունն ավելի վաղ զգուշացրել էր, որ իրենք կձերբակալեն ակտիվիստներին, եթե բողոքի ցույցը վերածվի բռնության: Ձերբակալված ակտիվիստներից 14-ի մոտ հայտնաբերվել են թմրանյութեր, ևս երկուսը հրաժարվել է հանել Գայ Ֆոքսի դիմակը:
Ինչպես հաղորդում է գործակալությունը՝ մարդիկ դժգոհ են երկրում տիրող իրավիճակից. Մեծ Բրիտանիայում կյանքը էականորեն թանկացել է, մինչդեռ աշխատավարձերը մնացել են նույնը:
Գայ Ֆոքսը 1605 թվականի անգլիական և շոտլանդական թագավոր Ջեյմս I-ի դեմ կազմակերպված Վառոդային դավադրության ամենահայտնի անդամն է։ 2002 թվականի BBC-ի «100 մեծագույն բրիտանացիները» հարցման արդյունքում նա զբաղեցրել է 30-րդ տեղը։
Գայ Ֆոքսի դիմակը, որը օգտագործվում է «V for Vendetta» ֆիլմում, դարձել է բողոքի շարժման խորհրդանիշ, մասնավորապես, «Գրավիր Ուոլ սթրիթը» ակցիայում։ Դիմակի դիզայնը 1982 թվականին մշակել է Դավիթ Լլոյդը։