Յըլդըրըմը քրդամետ կուսակցությանը հորդորել է շարունակել աշխատանքները մեջլիսում
ՄիջազգայինԹուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հորդորել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը (ԺԴԿ) վերադառնալ մեջլիս և շարունակել աշխատանքներն օրենսդիր մարմնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:
«Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից մեջլիս չվերադառնալն անարգանք է ժողովրդի նկատմամբ»,- նշել է վարչապետը` հայտարարելով, թե անհրաժեշտ է, որ կուսակցությունը վերադառնա «սխալ ուղուց»:
Թուրքիայում նոյեմբերի 4-ին ձերբակալվել, ապա կալանավորվել են Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 9 պատգամավորներ, այդ թվում և համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը: Կալանավորման մասին որոշումից հետո կուսակցությունը նիստ է գումարել, որի արդյունքներով ԺԴԿ խոսնակ Այհան Բիլգենը հայտարարել է, որ կուսակցությունը դադարեցնելու է աշխատանքները օրենսդիր մարմիններում: Նա հայտնել է, որ այսուհետ որոշումներ են կայացնելու ժողովրդի հետ խորհրդակցելուց հետո: