Թուրքիայի բանակում տեղի են ունեցել նոր ձերբակալություններ
ՄիջազգայինՔոնիայի հանրապետական դատախազության կողմից գյուլենականների դեմ իրականացվող հետախուզական գործողությունների շրջանակներում Թուրքիայի զինված ուժերի օդաչուներ են ձերբակալվել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական trthaber.comլրատվական կայքը:
Հետախուզական գործողությունները իրականացվել են Քոնիայի կենտրոնական 8 շրջաններում: Ձերբակալվել են 35 օդաչուներ, որոնք կոչումով լեյտենանտներ են:
Ձերբակալվածներից 7-ը դեռ ամիսներ առաջ հեռացվել էին զինված ուժերից:
Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձին մասնակցելու, Թուրքիայի Հանրապետության կառավարությունը վերացնելու կամ դրա գործունեության համար անբարենպաստ պայմաններ ստեղծելու հատկանիշներով:
2016 թվականի հուլիսի 15-ին մի խումբ խռովարարներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ էին ձեռնարկել: Խռովարարներն իրենց հսկողության տակ էին վերցրել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում եւ Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել էր:
Ռազմական հեղաշրջման փորձից հետո այդ երկրում արտակարգ դրության ռեժիմ է հաստատվել եւ զանգվածային գործողություններ են իրականացվում հեղաշրջման փորձի մասնակիցներին բացահայտելու եւ ձերբակալելու ուղղությամբ: