Իսպանիայում ավելի քան 50 տղամարդ է կալանավորվել մանկական պոռնո նյութեր տարածելու համար
ՄիջազգայինԻսպանիայի ազգային ոստիկանության իրականացրած ծավալուն հատուկ գործողության արդյունքում Մադրիդում ու Բարսելոնայում ձերբակալվել է 56 տղամարդ, որոնց մեծ մասը 40-60 տարեկան են։ Նրանց մեղադրում են երեխաների մասնակցությամբ պոռնոգրաֆիկ բովանդակության լուսանկարներ ու տեսագրություններ համացանցի միջոցով տարածելու մեջ։ «Տեսագրություններում առանձնահատուկ դաժան տեսարաններ էին»,- ճշգրտում է պաշտոնական հաղորդագրությունը, որը հրապարակվել է Իսպանիայի Ազգային ոստիկանության կայքում, փոխանցում է Newsru–ն։
Բոլոր կալանավորվածները Իսպանիայի քաղաքացիներ են։ Ոմանք նախկինում էլ են եղել կալանավորված նույնատիպ հանցագործությունների համար։ Ֆայլերը փոխանակելու համար նրանք օգտվում էին փակ օնլայն ռեսուրսների օղակից, որոնք պարունակում են անչափահաս տղաների ու աղջիկների նկատմամբ սեռական բռնությունների տեսարաններով լուսանկարներ ու տեսանյութեր։
Ըստ The Local–ի, 18 ամիս տեւած ու իսպանական 50 նահանգներից 28-ն ընդգրկած հատուկ գործողությանը մասնակցել են ավելի քան 150 ոստիկանական սպաներ ու 46 քննչական մագիստրատներ։ Իրականացվել է 59 խուզարկություն, որոնց արդյունքում ոստիկանները հայտնաբերել են 170 կոշտ սկավառակ, նաեւ 614 CD եւ DVD սկավառակ ՝ հսկայական քանակության նյութերով։
Հիմա այդ նյութերը ուսումնասիրում են, որպեսզի պարզեն, արդյոք կալանավորվածները անմիջական մասնակցություն են ունեցել երեխաների հանդեպ սեռական բռնություններին։ Առայժմ նման փաստեր ոստիկանությունը չի գտել, բայց խոստացել է աշխատանքների արդյունքում մամուլի ասուլիս հրավիրել։