Քաղաքագետն ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքները ընտրական համակարգի գլոբալ ճգնաժամի հետևանք է համարում
ՄիջազգայինՔաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ ընտրական համակարգի լուրջ ճգնաժամ է ընթանում ողջ աշխարհում: Նոյեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետը, անդրադառնալով ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներին, ընդգծեց, որ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելը ոչ թե այն բանիարդյունք էր, որ երկրի բնակչությունը վստահում է նրան, այլ արդյունք է ընտրական համակարգի ճգնաժամի, որը նկատվում է ողջ աշխարհում:
«Այն մարդիկ, ովքեր քվեարկել են Թրամփի օգտին, պարզապես դեմ են քվեարկել համակարգին: Մարդիկ արդեն հոգնել են, և դա նկատվում է ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ողջ աշխարհում: Հայաստանում էլ է դա նկատվում: Մենք տեսնում ենք, որ Հայաստանում գործող քաղաքական ուժերը՝ լինեն դրանք ընդդիմադիր, թե իշխանական, կորցրել են իրենց վարկանիշը: Ես կարծում եմ, որ աշխարհում հիմա ընտրական համակարգի գլոբալ ճգնաժամ է»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց Իսկանդարյանը:
Քաղաքագետի խոսքով՝ նույն վիճակն է նաև Եվրոպայում, սակայն եթե Եվրոպայում քաղաքականությունը համակարգվում է Բրյուսելում, այդ խնդիրներն այդքան ցայտուն չեն դառնում, իսկ ԱՄՆ-ում «Բրյուսել» չկա, և այդ ամենը երևում է: Նրա գնահատմամբ՝ բոլոր նրանք, ովքեր քվեարկել են Հիլարի Քլինթոնի օգտին, դա արել են նրա համար, որովհետև նրա մրցակիցը Դոնալդ Թրամփն էր, իսկ Թրամփի օգտին քվեարկողները պարզապես դեմ են քվեարկել էլիտային, գործող համակարգին: