Արգենտինայում գրանցվել է Զիկա վիրուսի հետեւանքներից մահվան առաջին դեպքը
ՄիջազգայինԶիկա վիրուսով վարակվելու հետեւանքներից մարդու մահվան առաջին դեպքն է գրանցվել Արգենտինայում: Այս մասին հայտնել է Nacion-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ Տուկուման նահանգում մահացել է փոքրագլխությամբ ծնված երեխան, որի մայրը վարակվել էր Զիկա վիրուսով:
«Զիկա վիրուսի վերաբերյալ անալիզը եւս դրական է եղել: Ծնվելուց 10 օր հետո երեխան մահացել է իր կառուցվածքի՝ անհասության եւ փոքր քաշի հետեւանքով առաջացած բարդություններից»,- ասել են նահանգի առողջապահության նախարարության ներկայացուցիչները:
Արգենտինայի առողջապահության նախարարությունում պարբերականի աղբյուրները նշել են, որ մոր հիվանդության մասին մինչ ծնունդն էր հայտնի, եւ նա գտնվում էր մասնագետների հսկողության ներքո: Պտղի զարգացման շեղումները գրանցվել են հոկտեմբերի սկզբին՝ հղիության 27-րդ շաբաթվա ընթացքում: Ծնվելուց հետո, փոքրագլխությունից բացի, երեխայի մոտ ախտորոշվել են մյուս օրգանների խնդիրներ եւս:
Նահանգում ընդհանուր առմամբ գրանցվել է Զիկա վիրուսով վարակվելու 24 դեպք: Դրանց մեծ մասը գրանցվել են ապրիլից մայիս ժամանակահատվածում: