Ռումեն Ռադեւը հաղթանակ Է տարել Բուլղարիայի նախագահի ընտրություններում
ՄիջազգայինԸնդդիմադիր պատգամավոր Ռումեն Ռադեւը հաղթանակ Է տարել Բուլղարիայի նախագահի ընտրություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, վկայում են քվեարկության արդյունքները, որոնք նոյեմբերի 14-ի առավոտյան հրապարակվել են Համացանցում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական Էջում ավելի քան 99 տոկոս արձանագրությունների տվյալների ամփոփումից հետո:
Ըստ այդ տվյալների՝ Ռադեւի օգտին քվեարկել Է ընտրողների 59,35 տոկոսը, իսկ նրա գլխավոր մրցակցի՝ Ցեցկա Ցաչեւի օգտին՝ 36,17 տոկոսը: Թեկնածուներից որեւԷ մեկին չպաշտպանած ընտրողների թվաքանակը կազմել Է 4,48 տոկոս:
«Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» կառավարող կուսակցությունն ընդունել Է իր թեկնածուի պարտությունը նոյեմբերի 13-ին կայացած ընտրություններում, իսկ կուսակցության առաջնորդը՝ վարչապետ Բոյկո Բորիսովը հայտարարել Է առաջիկա օրերին հրաժարական տալու մտադրության մասին:
Բուլղարիայի Ժողովրդական ժողովը (խորհրդարանը), չնայած կառավարության առաջիկա հրաժարականին, կկարողանա շարունակել իր աշխատանքը, քանի որ գործող նախագահ Ռոսեն Պլեւնելիեւը, Սահմանադրությանը համապատասխան, իրավունք չունի խորհրդարանն արձակել իր մանդատի ժամկետի լրանալուց երեք ամիս առաջ:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Բուլղարիայի նախագահ ընտրված Ռումեն Ռադեւին, որն առաջադրվել Է Բուլղարիայի սոցիալիստական կուսակցության գլխավորած նախաձեռնող կոմիտեի կողմից, իշխանական լիազորությունների փոխանցումը պետք Է կայանա 2017 թվականի հունվարի 22-ին: