ՀՀԿ-ի համար շատ կարևոր է Վիգեն Սարգսյանի որոշումը անդամակցել կուսակցությանը
ՔաղաքականՀայաստանի Հանրապետական կուսակցության համար շատ կարևոր է, որ երկրի առանցքային դեմքերից մեկը որոշում է կայացրել անդամակցել ՀՀԿ-ին: Այս մասին նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի` ՀՀԿ-ին անդամակցելու որոշմանը: «Վիգեն Սարգսյան ը երեկվա դրությամբ դեռ դիմում չէր ներկայացրել, սակայն մոտ օրերս կգրի»,- Արմենպրեսի հաղորդմամբ` Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց Շարմազանովը:
Հարցին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը կանդամակցի՞ ՀՀԿ-ին, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Կապրենք կտեսնենք: Ես չեմ բացառում, որ նաև վարչապետը կանդամակցի մեր կուսակցությանը: Դա պարոն վարչապետի որոշումն է»:
Շարմազանովի խոսքով՝ սահմանադրական բարեփոխումներից հետո քաղաքականության մեջ բարձրանալու է կուսակցական գործիչների դերակատարումը: «Այս առումով շատ կարևոր է, որ մեր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կուսակցությանն անդամակցելու որոշում է կայացրել: Նա պարկեշտ, ազնիվ, հայրենասեր ու պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ է»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը: