Եվրահանձնակատարը կանխատեսել է Եգիպտոսից փախստականների հաջորդ հոսքը
ՄիջազգայինԵգիպտոսում քաղաքական կայունությունը բացակայում է, տնտեսական հեռանկարները նույնպես լավատեսության առիթ չեն տալիս: Այս ամենը կարող է հանգեցնել նրան, որ դեպի Եվրամիության երկրներ փախստականների հաջորդ հոսքը կարելի է սպասել հենց Եգիպտոսից:
DW-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ թվային տնտեսության հանձնակատար Գյունտեր Էթինգերը:
Նրա խոսքով՝ վտանգ կա, որ երիտասարդ եգիպտոսցիները դեպի ԵՄ ուղիներ են փնտրում: Եվրահանձնակատարն ընդգծել է, որ Գերմանիան եւ Եվրոպան քիչ են մտածում այն մասին, որ արդեն այսօր կարող են կանխել այն պատճառները, որոնք 10 տարի անց մարդկանց արտագաղթի կմղեն:
«Եվրոպան պետք է վերջապես հասունանա»,- հայտարարել է Էթինգերը՝ ընդգծելով, որ ԵՄ-ն բաց է թողնում մի շարք լրացուցիչ առավելություններ՝ ոչ բավարար ուշադրություն հատկացնելով տնտեսության եւ անվտանգության ոլորտներում ներքին համագործակցությունն ամրապնդելուն: Ըստ նրա՝ սա հենց այն դասն է, որ ԵՄ-ն պետք է քաղի ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքներից: