Եվրոպական պատվիրակությանը չի հաջողվել տեսակցել Թուրքիայի քրդամետ կուսակցության ձերբակալված առաջնորդին
ՄիջազգայինԵվրոպական 5 երկրների պատգամավորներից կազմված պատվիրակությանը չի հաջողվել հանդիպել Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշին, ով ներկայումս ազատազրկված է Էդիրնեի F տիպի փակ ռեժիմով բանտում:
Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org լրատվական կայքը:
Եվրոպայի Սոցիալիստական կուսակցության նախագահ Սերգեյ Ստանիշեւը, ով ընդգրկված է եվրոպական 5 երկրների պատգամավորներից կազմված պատվիրակության մեջ` անդրադառնալով թուրքական իշխանությունների կողմից Դեմիրթաշին տեսնելու արգելքին, խորը մտահոգություն է հայտնել՝ նշելով, որ Թուրքիայում ժողովրդավարական իրավունքները օրեցօր նահանջ են ապրում:
Թուրքիայում նոյեմբերի 4-ին ձերբակալվել, ապա կալանավորվել են Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 10 պատգամավոր, այդ թվում և համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը: Կուսակցության փաստաբանները դիմել էին Դիարբեքիրի դատարանին, սակայն վերջինս վճռել էր, որ պատգամավորների կալանավորումը համապատասխանում է օրենքին` մերժելով ներկայացված բողոքարկումը: