Է. Նալբանդյանն Անտանանարիվուում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի բացման արարողությանը
ՔաղաքականԱնտանանարիվուում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVI-րդ գագաթաժողովի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են կազմակերպության 84 անդամ, ասոցացված և դիտորդ երկրների բարձրաստիճան պատվիրակություններ: Հայաստանը գագաթաժողովին ներկայացնում է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Ֆրանկոֆոնիայի բարձրագույն մարմնի հաստատմանն են ներկայացված գագաթաժողովի եզրափակիչ հռչակագիրը, Ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ բանաձևը, «Ջուր, խաղաղություն, անվտանգություն» բանաձևը, «Միջմշակութային երկխոսությունը՝ իբրև կայուն զարգացման գործոն» բանաձևը, առողջապահության ոլորտում ներդրումների, ճանապարհային անվտանգության վերաբերյալ բանաձևեր, մի շարք այլ փաստաթղթեր։
Գագաթաժողովի մեկնարկին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահությունը Սենեգալից անցել է Մադագասկարին։
Գագաթաժողովին նախատեսված է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը։