Բեռլուսկոնին չի բացառում ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը
ՄիջազգայինԻտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին չի բացառում, որ ընտրություններում կրկին կառաջադրի իր թեկնածությունը: Այս մասին 80-ամյա քաղաքական գործիչը հայտարարել է Messaggero-ին տված հարցազրույցում՝ պարզաբանելով, որ սպասում է Ստրասբուրգի Եվրոպական դատարանի «արդարացի վճռին»:
«Ստրասբուրգը պետք է վճիռ կայացնի: Վստահ եմ, որ միանշանակ կհաստատվի, որ ես մեղավոր չեմ հարկերից խուսափելու հարցում: Այդ ժամանակ կրկին կկարողանամ առաջադրվել, եւ աջ ուժերը ստիպված չեն լինի նոր առաջնորդ փնտրել»,- ասել է Բեռլուսկոնին:
Ստրասբուրգի դատարանը քննում է Բեռլուսկոնիի փաստաբանների միջնորդությունը, որոնք պահանջում են չեղարկել իտալական Վճռաբեկ դատարանի դատավճիռը: Դրա համաձայն՝ 2013 թվականի օգոստոսին քաղաքական գործիչը մեղավոր է ճանաչվել ֆինանսական մեքենայությունների եւ ստվերային հիմնադրամների ստեղծման մեջ ու դատապարտվել չորս տարի ժամկետով ազատազրկման (համաներմամբ ժամկետը հասցվել է մեկ տարվա):
Տարիքի պատճառով նրա բանտարկությունը փոխարինել են հանրային աշխատանքներով: Մեկ տարի շարունակ Բեռլուսկոնին շաբաթական մեկ անգամ 4 ժամ աշխատել է տարեցների ինտերնատում: