Մալին արժևորում է Հայաստանի մասնակցությունը երկրում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը
ՔաղաքականՄադագասկարի մայրաքաղաքում ընթացող Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 26-ին հանդիպել է Մալիի արտաքին գործերի, միջազգային համագործակցության և աֆրիկյան ինտեգրման նախարար Աբդուլաե Դիոպին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները՝ քաղաքական երկխոսության ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ձևավորումը, միջազգային կառույցների շրջանակներում համագործակցության սերտացումը, առևտրատնտեսական փոխգործակցության հնարավորությունները։
Հայաստանի և Մալիի արտգործնախարարներն անդրադարձել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեությանը, կառույցի 16-րդ գագաթաժողովի օրակարգային հարցերին։
Այս համատեքստում Մալիի ԱԳ նախարարը, նշելով, որ Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը ֆրանկոֆոնիայում տեսանելի է կազմակերպության անդամների համար, ընդգծեց անցյալ տարի Երևանում կայացած ՖՄԿ նախարարական համաժողովի կազմակերպչական բարձր մակարդակը։
Նախարար Դիոպը ներկայացրել է Մալիում անվտանգության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերը՝ արժևորելով Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը: