Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ կանոնակարգ-օրենքի նախագիծը
ՔաղաքականԽորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի նախագիծը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, նախագծին կողմ քվեարկեց 93, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 7 պատգամավոր:
Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի նախագծով սահմանվում է, որ Ազգային ժողովի նիստերը լինելու են քառօրյա: Քառօրյա նիստը մեկնարկելու է երեքշաբթի օրը, իսկ երկուշաբթի՝ տեղի կունենա նոր ձևավորվելիք մարմնի՝ Ազգային ժողովի խորհրդի նիստը, որի ժամանակ էլ կորոշվի քառօրյա նիստերի օրակարգը:
Կանոնակարգ-օրենքի նախագծով նաև սահմանվում է, որ խմբակցությունների ղեկավարները հնարավորություն կստանան քվեարկել բացակա պատգամավորների փոխարեն, եթե առկա է տվյալ պատգամավորի լիազորագիրը:
Պատգամավորները հնարավորություն կունենան լքել խմբակցությունը և պահպանել մանդատը, սակայն այլ խմբակցության անդամ դառնալու իրավունք չեն ունենա: Խմբակցություն լքելու դեպքում պատգամավորները կզրկվեն հանձնաժողովներում և միջազգային պատվիրակություններում ընդգրկվելու իրավունքից: