Գանայում փակվել է ԱՄՆ կեղծ դեսպանատունը
ՄիջազգայինԳանայի իշխանությունները փակել են մայրաքաղաք Աքրայում քրեական ցանցի ղեկավարությամբ աշխատող կեղծ ԱՄՆ դեսպանատուն, որը տասնամյակ շարունակ անօրինական կերպով ձեռք բերված վավերական մուտքի արտոնագրեր էր տրամադրում: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ պետդեպարտամենտին:
Մինչև այս ամառ փակվելը, կեղծ դեսպանատունը գտնվում էր երկաթե տանիքով երկհարկանի վարդագույն շենքում, որի վրա ԱՄՆ դրոշ էր ծածանվում: Շենքի ներսում կախված է եղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դիմանկարը:
«Այն աշխատեցնում էր ոչ թե ԱՄՆ կառավարությունը, այլ գանայական, ինչպես նաև թորքական կազմակերպված հանցավոր խմբերի ներկայացուցիչներ և Գանայից մի փաստաբան»,- հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտը:
Անգլերեն և հոլանդերեն խոսացող Թուրքիայի քաղաքացիները ներկայանում էին որպես հյուպատոսարանի աշխատակիցներ: Պետդեպարտամենտը հայտնել է, որ հետաքննությունների հետևանքով հայտնաբերվել է նաև Նիդեռլանդների կեղծ դեսպանատուն:
Հանցավոր խումբը տրամադրում էր անօրինական կերպով ձեռքբերված, բայց վավերական ԱՄՆ վիզաներ և ինքնությունը հաստատող կեղծ փաստաթղթեր, այդ թվում ծննդյան վկայականներ՝ յուրաքանչյուրը 6000 դոլարի դիմաց: