Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի քննարկմանը
ՔաղաքականՎենետիկում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) 109-րդ լիագումար նիստի ընթացքում դեկտեմբերի 9-ին մասնակցել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի քննարկմանը: Այս մասին տեղեկանում ենք Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի հիմնական նկատառումներին: Արման Թաթոյանը նիստի ընթացքում նախագծի վերաբերյալ հանդես է եկել հատուկ խոսքով՝ ներկայացրնելով նախագծի հիմնական դրույթները: Ընդհանուր առմամբ Հանձնաժողովը դրական է գնահատել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծում տեղ գտած կարգավորումները, որոնք ուղղված են հստակեցնելու Պաշտպանի սահմանադրական լիազորությունները և դրանց իրագործման մեխանիզմները, ամրապնդելու Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի դերը, ավելի հստակ կարգավորելու Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի լիազորությունները և այլն: