Մոգերինին հնարավոր Է համարել Ռուսաստանի հետ դաշինքը՝ Թրամփին դիմակայելու համար
ՄիջազգայինԵվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հնարավոր Է համարել ԵՄ-ի եւ Ռուսաստանի միավորվելը Իրանի հետ միջուկային գործարքը չեղարկելու ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի պլաններին դիմակայելու համար: Այդ մասին նա հայտարարել Է The Wall Street Journal-ին տված հարցազրույցում:
Մոգերինին կարծիք Է հայտնել, որ Իրանի հետ գործարքից հրաժարվելու ԱՄՆ-ի որոշումը հակազդեցություն կառաջացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, որը ավանդ Է ներդրել համաձայնագրի կնքման գործում: «Եթե վերլուծենք յուրաքանչյուր կոնկրետ դեպք, ապա կարելի Է գտնել հարցեր, որոնցում եվրոպացիներն ու ռուսները կարող են հայտնվել մի կողմում՝ Իրանը, մերձավորարեւելյան խաղաղ գործընթացը, հնարավոր Է՝ ՄԱԿ-ի դերը»,-ասել Է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարը:
Միեւնույն ժամանակ Մոգերինին կասկած Է հայտնել, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ մեծ գործարքի մեջ կմտնի Սիրիայի եւ Ուկրաինայի հարցում՝ այդ գործընթացից բացառելով Եվրամիությանը: Նա նաեւ ընդգծել Է, որ, չնայած Թրամփի վարչակազմի ցանկացած որոշման, Եվրամիությունը Մոսկվայի նկատմամբ գործելու Է՝ ելնելով սահմանված այն պատժամիջոցներից, որոնք կապված են Մինսկի համաձայնությունների իրագործման հետ:
Հիշեցնենք, որ նախընտրական արշավի ընթացքում Թրամփը դեմ Էր արտահայտվում Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքմանը: