Պենտագոնը Չինաստանից պահանջում է վերադարձնել ամերիկյան ուժերին պատկանող ստորջրյա սարքը
ՄիջազգայինՊենտագոնը հաստատել է Հարավչինական ծովի միջազգային ջրերում չինական ռազմածովային ուժերի կողմից ամերիկյան ստորջրյա անօդաչու սարքը գրավելու փաստը և պահանջել վերադարձնել այն: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը` մեջբերելով ամերիկյան պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ, ԱՄՆ ռազմածովային ուժերի առաջին կարգի կապիտան Ջեֆ Դևիսի խոսքը:
«Չինական ռազմական նավը գրավել է ամերիկյան ստորջրյա անօդաչու սարքը այն պահին, երբ ԱՄՆ ՌԾՈւ-ին պատկանող USNS Bowditch հետազոտական նավը փորձել է վերադարձնել այն: Չինական ռազմանավը մոտեցել է ամերիկյան նավին 457 մետր հեռավորությամբ, մոտորանավակ է իջեցրել ջուրն ու գրավել սարքը», - մեկնաբանել է կապիտանը:
Դևիսը ընդգծել է, որ Bowditch-ը կապ է հաստատել չինական նավի հետ և պահանջել վերադարձնել գրավված սարքը: Այդ պահանջները, նրա խոսքով, անտեսվել են: «Մենք այժմ աշխատում ենք դիվանագիտական մակարդակով: Նման վարք չէինք սպասում ՌԾՈւ պրոֆեսիոնալ զինծառայողներից», - ընդգծել է կապիտանը:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել նախօրեին, որից հետո Վաշինգտոնը բողոքի նոտա էր հղել Պեկինին: