Թուրքական Կայսերի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության գործով 15 մարդ է ձերբակալվել
ՄիջազգայինԹուրքիայի Կայսերի քաղաքում դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալված կասկածյալների թիվը հասել է 15-ի: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով թուրքական աղբյուրը, որն էլ մեջբերում է տեղի դատախազության տվյալները:
Ավելի վաղ հաղորդվում էր 7 ձերբակալվածների և հետախուզման մեջ գտնվող 5 չարագործների մասին:
Պայթյունի հետևանքով, որը որոտացել է շաբաթ առավոտյան Էրջիես համալսարանի մոտակայքում, առնվազն 14 մարդ է զոհվել: Մահապարտ ահաբեկիչն ականապատ մեքենայով բախվել է ավտոբուսին, որը ազատման թերթիկ ստացած զինծառայողների էր տեղափոխում:
Հիվանդանոցներում դեռևս 50 տուժած է գտնվում, որոնցից 12-ը` վերակենդանացման բաժանմունքում:
Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի բացառում քրդական կազմավորումների մասնակցությունը պայթյունի կազմակերպմանը: