Սիրիական բանակը Հալեպը ապահով և խաղաղ քաղաք է հայտարարել
ՄիջազգայինՍիրիական բանակի հրամանատարությունը Հալեպը ապահով և խաղաղ քաղաք է հայտարարել՝ նշելով, որ այն ամբողջությամբ ազատագրվել է զինյալներից։
Այդ մասին հաղորդում է «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը՝ նշելով, որ զինյալ ահաբեկիչների վերջին խումբն արդեն դուրս է բերվել քաղաքից։
Հրամանատարությունը շեշտել է, որ Հալեպ քաղաքի ապահովության հաստատումը ռազմավարական շրջադարձ ունեցող իրադարձություն է, որն ահաբեկչության դեմ պայքարի համար անկյունաքար կլինի։ Սիրիական իշխանությունն այն մահացու հարված է որակել՝ ուղղված ահաբեկիչների և նրանց աջակցողների ծրագրերի դեմ։
«Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այժմ սիրիական բանակի հրամանատարությունը հայտարարում է Հալեպի ամբողջական ազատագրության հաղորդագրությունը։ Ապրի՛ր, հաղթանակած Հալեպ»։