ԱՄՆ-ն Վրաստանին 22․5 մլն դոլարի դրամաշնորհ կհատկացնի
ՄիջազգայինՎրաստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Դմիտրի Կումսիշվիլին ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առաքելության տնօրեն Դուգլաս Բոլը դեկտեմբերի 22-ին Թբիլիսիում ստորագրել են երեք դրամաշնորհային համաձայնագիր, հայտնում է «Վրաստան օն լայնը»։
Վրաստանի ֆինանսների նախարարության տեղեկություններով, այդ համաձայնագրերի հիման վրա փոփոխություններ են տեղի ունեցել ավելի վաղ ձեւակերպված պայմանագրերում, ինչի արդյունքում ԱՄՆ կողմից Վրաստանին հատկացվող դրամաշնորհի գումարը ավելացել է 22․5 մլն դոլարով։
Համաձայնագրերը ընդգրկում են այնպիսի առաջնային ուղղություններ, ինչպիսիք են «կայուն տնտեսական աճը», «ժողովրդավարական հսկողությունն ու հավասարակշռությունն եւ հաշվետու կառավարումը», «աճող կայուն, ինտեգրված ո ւ առողջ հասարակությունը»։
Համաձայնագրերի շրջանակում ձեռնարկվելու են գործողություններ՝ նոր բիզնես ստանդարտների ներդրման ու զանազան ոլորտների մրցունակության բարձրացման, նոր պահանջված աշխատատեղերի ստեղծման, աճող ինտեգրման ու սահմանափակ հնարավորություններով մարդկանց ընդգրկվածությունն ապահովելու ուղղությամբ։