Պակիստանը Իսրայելին միջուկային զենքով է սպառնացել
ՄիջազգայինՊակիստանի պաշտպանության նախարար Ասիֆ Խավաջան Իսրայելին միջուկային զենքով է սպառնացել, երբ AWD News լրատվական կայքը Իսրայելի կողմից Պակիստանին սպառնացող ֆեյքային նորություն է հրապարակել:
Կայքի հաղորդագրության մեջ ոչ կոռեկտ է մեջբերվել Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Մոշե Յաալոնի հայտարարությունը: Պարբերականը պնդել է, որ Սիրիայի գրոհայինների պայքարին միանալու Իսլամաբադի ծրագրերը մեկնաբանելիս Յաալոնը չի բացառել Պակիստանին միջուկային հարվածի հնարավորությունը, փոխանցում է BBC-ն:
Ասիֆ Խավաջան այս հաղորդագրությանը պատասխանել է «Թվիթերի» իր պաշտոնական էջում: «Իսրայելը չպետք է մոռանա, որ Պակիստանը եւս մջուկային տերություն է»,- գրել է նա:
Շուտով իրավիճակը մեկնաբանել է Իսրայելի Պաշտպանության նախարարությունը՝ հայտարարելով, որ հաղորդագրությունը, որին պատասխանել է Պակիստանի պաշտպանության նախարարը, հավաստի չէ, եւ որ Յաալոնը երբեք չի ասել այն, ինչ լրագրողները նրան են վերագրել:
«Հաարեց»-ը կարծում է, որ պարբերականի հրապարակած գրառման մանրակրկիտ վերլուծությունը պակիստանյան կողմին կօգներ հասկանալ տեղեկության ոչ հավաստի լինելը մինչ Իսրայելի պաշտպանության նախարարության կողմից այն պաշտոնապես հերքելը:
Մասնավորապես՝ թերթն ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Իսրայելը երբեք չի ընդունել իր մոտ միջուկային զենքի առկայությունը: Դրանից զատ, Սիրիայի նկատմամբ ընդգծված չեզոք դիրքորոշում է զբաղեցնում: