Յըլդըրըմը կհանդիպի ազգայնականների առաջնորդ Բահչելիի հետ
ՄիջազգայինԹուրքիայի վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ղեկավար Բինալի Յըլդըրըմը դեկտեմբերի 26-ին Չանքայա պալատում կհանդիպի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ակնկալվում է, որ կողմերը հանդիպման ժամանակ քննարկելու են երկրում առաջարկվող նոր սահմանադրական փոփոխությունների հարցը:
Կուսակցությունները համաձայնության են եկել սահմանադրական փոփոխությունների առաջարկի շուրջ, որն արդեն ներկայացվել է Թուրքիայի մեջլիսին:
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը վերջին ընտրություններից հետո մեջլիսում ունի 317 պատգամավոր, սակայն քվեարկության ժամանակ ունի միայն 316 քվե, քանի որ մեջլիսի նախագահ, ԱԶԿ-ական Իսմայիլ Քահրամանը զրկված է քվեարկելու իրավունքից: Թուրքիայի մեջլիսում սահմանադրական փոփոխություններ անցկացնելու համար անհրաժեշտ է առնվազն 330 պատգամավորական մանդատ: ԱՇԿ 40 պատգամավորների կողմ քվեարկելու պարագայում ԱԶԿ-ն կկարողանա առաջարկն ընդունել մեջլիսում և Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվե գումարել:
Սահմանադրական փոփոխությունները միայն մեջլիսի քվեարկությամբ հնարավոր են անցկացնել 367 պատգամավորի կողմ քվեարկելու պարագայում: