Հյուսիսային Կիպրոսում կալանավորված մոդելավորողը ծրագրել էր Բաքու մեկնել
ՄիջազգայինԹուրք մոդելավորող Բարբարոս Շանսալի գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել:
Haberplanet-ը հայտնում է, որ Շանսալը ծրագրել էր Կիպրոսի թուրքական հատվածից Ստամբուլով Բաքու մեկնել: Նա արդեն համապատասխան ավիատոմս էր գնել:
«Կալանավորված են այնքան լրագրողներ, որքան երեխաներ բռնության են ենթարկվում, ամենուր կաշառակերություն է, եւ դուք դրա հետ մեկտեղ Նոր տարի՞ եք նշում: Ես չեմ նշում: Ես հիմա իմ բարում եղած ամբողջ ալկոհոլը կխմեմ: Իմ ամբողջ փողը Շվեյցարիա կփոխանցեմ, ձեզ ոչ մի ցենտ չեմ տա: Իսկ դուք շարունակեք տոնել այս սարսափի, տառապանքի պայմաններում… Թուրքիա, խեղդվիր քո կեղտի մեջ»,- հոլովակում ասել էր մոդելավորողը:
Մոդելավորողին ձերբակալել են եւ Ստամբուլ ուղարկել, որտեղ ոստիկանությանն են հանձնել: Բայց արդեն օդանավում Շանսալը ենթարկվել է «վրդովված քաղաքացիների» հարձակմանը: Նրան փորձել են ծեծել նաեւ օդանավի սանդուղքի մոտ: