Թուրքիան կասկածի տակ է դրել «Ինջիրլիք» ավիաբազայում միջազգային կոալիցիոն ուժերի ներկայության անհրաժեշտությունը
ՄիջազգայինԹուրքիան կասկածի տակ է դրել «Ինջիրլիք» ավիաբազայում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի խմբի ներկայության անհրաժեշտությունը, գրում է թուրքական t24.com.tr կայքը` հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության իր աղբյուրին:
Նշվում է, որ նման մոտեցման պատճառ է հանդիսացել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ԶՈւ-ի կողմից իրականացվող ռազմական գործողության շրջանակում կոալիցիոն ուժերի աջակցության պասիվացումը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրեր առաջ հայտարարել է, որ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը տևական ժամանակ է, ինչ Սիրիայի հյուսիսում թուրքական ԶՈւ-ի կողմից իրականացվող «Եփրատի վահան» ռազմական գործողության շրջանակում չեն աջակցում Թուրքիային: Ավելին՝ Էրդողանը մեղադրել է Արևմուտքին «անմեղներին կոտորող խմբավորումներին աջակցելու ճանապարհը բռնելու» համար:
Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ։